Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայերի և նրանց էության մասին. Սատի

Հայերի և նրանց էության մասին. Սատի
02.02.2016 | 11:43

Փաստը Պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով:

1675 թվականի ամառային այդ օրը Ալեքսանդրիայի ոսկերիչների խանը՝ շուկան, ասես մեռած լիներ։ Կիզիչ արևը, տապը, հեղձուկը, սմքած արյունատար անոթներ հիշեցնող նեղլիկ, աղբոտ անցումների գարշահոտը միախառնվել և սպանել էին կենդանի ամեն բան։ Բայց դա խաբուսիկ էր, և Էդուարդ Բրաունը դա լավ գիտեր: Նա բազմափորձ մարդ էր, շուրջ տասը տարի պարբերաբար ճամփորդում էր Եգիպտոս, Թուրքիա ու Պարսկաստան, տիրապետում էր տեղացիների լեզվին, գիտեր նրանց բարքերն ու սովորույթները, ինչպես նաև քաջածանոթ էր խորամանկ արևելցիների առևտրի բոլոր ծալքերին։ Եվրոպացու կյանքի համար հաճախ վտանգավոր ճամփորդությունները նա ձեռնարկում էր միայն մեկ նպատակով՝ հնարավորինս էժան ձեռք գցել թանկագին քարեր, գորգեր, հին ձեռագրեր ու դրանք Լոնդոնում վերավաճառել։ Հաջող, շահաբեր բիզնեսի շնորհիվ Բրաունը Լոնդոնում վաստակել էր ոչ միայն հարուստ դրամատիրոջ համբավ, այլև համարվում էր Արևելքի լավագույն գիտակներից մեկը, որի կարծիքի հետ հաշվի էր նստում մայրաքաղաքի տոհմիկ վերնախավը։
Նա գլխին կրում էր եգիպտական փաթթոց, հագել էր հայի կապա, որ գոտևորել էր մետաքսե լայն ժապավենով, քայլում էր դանդաղ, անշտապ, առանց կտրուկ շարժումներ անելու, քիթ ու բերանը կապել էր սպիտակ թաշկինակով՝ իբր շոգին ու աղբահոտին դիմանալու համար, բայց իրականում եվրոպացու իր դիմագծերը քողարկելու նպատակով։ Սակայն բրիտանացի լինելուց իսպառ հրաժարվել նա չէր կարող և չէր ուզում. ձեռքին ուներ նուրբ ու կարճլիկ մի փայտիկ, կապայի տակից երևում էր շագանակագույն բրիջը, որի փողքերը մտցրել էր կաշվե երկարաճիտ կոշիկների մեջ։
Նա մերթընդմերթ մտնում էր կիսամութ կրպակներ, որտեղ տոթից խեղդվող տերերը գորգերին փռված ծույլ-ծույլ ափիոն էին ծխում կամ սուրճ խմում, և որտեղ ընդառաջ էին վազում գործակատարները ու հրամցնում զանազան ապրանքներ. դրանք սովորաբար թանկագին քարերով մատանիներ էին, ապարանջաններ, մանյակներ կամ պարզապես ոսկու ձուլակտորներ ու ոսկեդրամներ։ Բայց Բրաունին այդ ամենը չէր հետաքրքրում, նա արտառոց բան էր փնտրում՝ իսկական արվեստի նմուշ կամ պատմական արժեք ներկայացնող որևէ իր, որը բարձր գին կունենար իր հայրենիքում։
Անգլիացին հոգնած էր ու քաղցած, ոտքերը ցավում էին և մտածում էր հեռանալ, երբ շուկայում խլրտոց ընկավ։ Խանն ասես քնահարամ եղավ, թմբիրից զարթնեց, խուլ ժխոր բարձրացավ, իսկ կրպակատերերը դուրս ելան իրենց բներից ու սկսեցին ինչ-որ բանի սպասել։
Դա Բրաունին անհանգստացրեց, բայց և հետաքրքրեց: Այն, ինչին քիչ անց ականատես եղավ, ստիպեց արձանի պես քարանալ և անթարթ հայացքով նայել։
Ընդառաջ էր գալիս մի արտասովոր խառնամբոխ, որի ընթացքից խանի երակներն ասես լայնանում էին։ Թափորը գլխավորում էր աներևակայելի գեր, հաստափոր, կարմիր թշերով, սև բեղ-մորուքով և է՛լ ավելի սև աչք-ունքով մի մարդ, որը շարունակ ժպտում էր։ Նրա հագուստից հնարավոր չէր որոշել ազգությունը, զգեստի ամեն տարր մյուսից տարբեր էր։ Արտաքինից դժվար էր պարզել նաև տարիքը, բայց դիմագծերից, մաշկի գույնից կարելի էր կռահել, որ եվրոպացու և ասիացու խառնուրդ էր, եվրասիացի։ Բայց է՛լ ավելի զարմանալի էր շքախումբը. այդտեղ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ իսպանացի, ֆրանսիացի, հույն, արաբ, հրեա, հնդիկ, չինացի, սևամորթներ և նույնիսկ Բրաունի համերկրացի մի շիկահեր բրիտանացի։
Ոսկեվաճառները մի մարդու պես կանգնել էին անցումում և ի տես պահել մատուցարաններ, որոնց վրա կիտված էին ոսկե իրերի, թանկարժեք քարերի, արդուզարդի կույտեր։ Գեր մարդը մի պահ կանգ էր առնում, ժպիտը դեմքին հպանցիկ հայացք ձգում դրանց վրա, մատը տնկում այս կամ այն բանին, իսկ շքախմբի անդամներից մեկը վճարում ու վերցնում էր։
Բրաունը հասկացավ, որ նա գերհարուստ մարդ էր, որն ապրանքից գլուխ էր հանում, բայց տարօրինակն այն էր, որ չէր սակարկում։
Անհավանական տեսարանից զարմացած՝ անգլիացին չզգաց, թե ինչպես կանգ առավ նաև թափորը։ Հաստլիկը ոտից գլուխ զննեց Բրաունին, ապա շրջվեց ու ինչ-որ բան ասաց։ Շքախմբից արագորեն դուրս եկավ բարձրահասակ, ծայրերը մինչ բլթակները հասնող բեղերով շիկահերն ու անգլերենով դիմեց Բրաունին.
-Անգլիացի՞ եք, սըր։
-Այո։
-Իմ տերը չի սխալվել։ Նա Ձեզ հրավիրում է հյուրընկալվել իրեն։
-Ո՞վ է Ձեր տերը։
-Նրա անունը Սատի է, վաճառական է։ Մնացած հարցերի պատասխանն իրենից կստանաք,- պատասխանեց շիկահերն ու ավելացրեց,- հավատացնում եմ, սըր, նրա հրավերը մեծ պատիվ է։
Եվ Բրաունը մի անմեկնելի թելադրանքով, հլու-հնազանդ միացավ շքախմբին։
Հասան նավահանգիստ։ Ալեքսանդրիայի ծովածոցը հանդարտ էր, և արևը մայր էր մտնում։ Բրաունն անմիջապես նկատեց փառահեղ երկկայմ առագաստանավը և պատրաստ էր գրազ բռնելու, որ այն կառուցված էր Անգլիայում։ Նավակողին գամված էր անվանումը՝ NOAH՚S ARK («Նոյյան տապան»)։
Պարենով, ջրի պաշարով ու հակերով բեռնավորված ամբոխը սանդուղքով բարձրացավ տախտակամած, և Բրաունը կրկին գրազ կբռներ, որ նավանձնակազմից յուրաքանչյուրը մի-մի ազգի ներկայացուցիչ է։
Շիկահերը Բրաունին ուղեկցեց նավի հյուրասենյակ և դուրս եկավ։
Դա մի ընդարձակ ու լայն նավախուց էր։ Պատերից կախված էին ոսկեզօծ շրջանակներով ծովապատկերներ, հատակին փռված էին պարսկական ու հայկական թանկարժեք գորգեր, պահարանների ապակիներից անդին երևում էին ականակուռ գավաթներ, ըմպանակներ և... գրքեր, մագաղաթներ, պապիրուսներ։ Բրաունի շունչը կտրվեց։ Նա զմայլված նստեց կաղնեփայտե ծանր աթոռին, բերանի թաշկինակն արձակեց, արմունկները հենեց սեղանին, և տխրախառն հոգնություն իջավ վրան։
Որոշ ժամանակ անց նավախցի դուռը բացվեց, և սպիտակազգեստ ծառայի ուղեկցությամբ, ժպիտը դեմքին ներս մտավ Սատին։ Նա լայնածավալ, քայլքի հետ ծփծփացող մարմինը տեղավորեց սեղանի գլխամասում դրված գահանման բազկաթոռին և ժպիտը լայնացնելով՝ ուժեղ առոգանությամբ անգլերենով դիմեց հյուրին.
-Ես ճիշտ էի կռահել, Դուք անգլիացի եք։ Ամեն ինքնատիպ մարդ ինձ հետաքրքրում է, դրա համար էլ Ձեզ հրավիրեցի։ Ո՞վ եք Դուք, պարոն։
Բրաունը ներկայացավ և համառոտակի պատմեց իր զբաղմունքի մասին։
Ծառան սեղանին դրեց չինական ճենապակե ափսեներ, ոսկուց պատրաստված վենետիկյան դանակ-պատառաքաղ, ոսկեզօծ ոտքերով տարբեր չափերի գավաթներ։
Սեղանին հայտնվեցին զարմանազան խորտիկներ՝ ոչխարի, տավարի ու խոզի տապակած, խաշած ու խորոված միս, ձկնատեսակներ, մրգերի կույտեր, խմիչքներ՝ գինի, ռոմ և անգամ անգլիական էլ։ Բրաունը հմայված նայում էր, նա շատ քաղցած էր ու հոգնած։
Հետո ծառան տիրոջ ու հյուրի առջև դրեց հախճապակե փոքրիկ պնակներ, որոնց վրա երկուական ձու կար։
Սատին ասաց.
-Պարոն Բրաուն, Պարսկաստանում, Սպահան քաղաքի մոտ մի հայկական բնակավայր կա՝ Նոր Ջուղա,- անգլիացին գլխով արեց, եղել էր այդ քաղաքում։- Նորջուղայեցիները կերուխումի մի ամբողջ տեսություն են մշակել, ես նրանցից եմ ընդօրինակել և ուզում եմ Դուք էլ փորձեք։ Խնջույք սկսելուց առաջ նրանք երկու հում ձու են ուտում. գիտե՞ք ինչու, որպեսզի խմեն ու չհարբեն։ Քանի որ մենք էլ ենք շատ խմելու ու շատ զրուցելու՝ խորհուրդ կտամ ձվերից սկսել,- ասաց ու բարձր ծիծաղեց՝ ամբողջ մարմնով ցնցվելով։
Սատին ոսկե դանակով ձվերը կոտրեց, գլուխը հետ գցեց և պարունակությունը կուլ տվեց։ Նույն կերպ վարվեց նաև Բրաունը։ Սատին կերակուրը կլանում էր ինքնամոռաց, անհաղորդ կերպով, կարծես դա գործ, աշխատանք, տքնանք լիներ, իսկ գավաթները պարպում էր առանց կենաց ասելու։ Ծառան հազիվ հասցնում էր սպասքը փոխել և գավաթները լցնել։
Բրաունն արագ կշտացավ, իսկ գինին թեթևակի արբեցրեց։
Սատին թաշկինակով սրբեց ձեռքերն ու բերանը, մի գավաթ ռոմ խմեց, ծխամորճի մեջ թութուն և ափիոն լցրեց ու ծխեց։
-Պարոն Բրաուն, ես հասկանում եմ՝ Դուք տեսաք ինձ շրջապատող մարդկանց, իմ նավը և բազմաթիվ հարցեր ունեք, բայց անգլիական պաղությունը ձեզ ստիպում է զուսպ լինել։ Ես դա գնահատում եմ և Ձեր հարցասիրությունը որոշ չափով կբավարարեմ։ Այսպես, ուրեմն, ես մի մարդ եմ, որը չունի ազգություն, հայրենիք ու կրոն։ Դրանք աշխարհիս ամենածիծաղելի հասկացություններն են։ Աշխարհի նյութական և մարդկության մտավոր պաշարներն առանց այդ էլ խիստ սուղ են, իսկ ազգը, հայրենիքն ու կրոնը է՛լ ավելի են դրանք տրոհում ու նվազեցնում։ Աշխարհը միասնականացման կարիք ունի։ Իմ նավն, օրինակ, կոչվում է «Նոյյան տապան», և դա պատահական չէ. ամեն ազգից վերցրել եմ մեկ-երկու հոգու, բայց՝ լավագույններին։ Իմ նավապետը պորտուգալացի է, որովհետև լավագույն նավապետները պորտուգալացիներն են։ Նավասարքը նորոգում են հոլանդացիները. նրանցից լավը չկա։ Նավարկության ժամանակ ամենից լավ կողմնորոշվում են արաբները։ Հրեան վարում է իմ ֆինանսական գործերը։ Իսպանացիները կռվի ժամանակ խիզախ են։ Չինացիները խորամանկ են և առևտրում օգտակար։ Հույները լավ երգում են ու պարում։ Հնդիկները ծույլ են, բայց եթե մտրակես՝ տախտակամածը լավ կլվանան։ Շիկահեր շոտլանդացին մեծամիտ է, գոռոզ ու կռվարար, ինչը երբեմն շատ է պետք գալիս։ Շարունակե՞մ... Դուք ուսյալ մարդ եք և, կարծում եմ, հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Ի՞նչ իմաստ ունի հնդիկին նավավարություն սովորեցնել, հաբեշին՝ հաշվապահություն, հրեային՝ սուր ճոճել։ Նախախնամությունը յուրաքանչյուրի առաքելությունը կանխորոշել է։ Տեսեք, այստեղ ամեն ոք ունի իր լեզուն ու կրոնը՝ քրիստոնեություն, մահմեդականություն, բուդդայականություն, հազարումի այլ բան, այն էլ՝ տարատեսակներով։ Այդ ամենը միայն տարանջատում է մարդկանց։ Ինչո՞ւ պիտի նրանք սովորեն այլ լեզուներ՝ միմյանց հետ հաղորդակցվելու համար, ինչո՞ւ պիտի միմյանց դավանանքի հետ հաշվի նստեն, ես իմ նավի վրա վերացրել եմ այդ միջնորմները։ Երկրագնդի վրա միայն երկու իրական բան կա՝ աշխարհ և մարդ։ Մարդն այս աշխարհի վրա պետք է ապրի, ձգտի ապրել այնպես, ինչպես ուզում է։ Դրա համար հարկ է, որ մարդիկ նախ մի կողմ դնեն բոլոր խանգարիչ գործոնները և միավորվեն։ Այդ իսկ պատճառով ես մերժում եմ կրոնն ու հայրենիքը, ավելին՝ ստեղծել եմ նոր լեզու, որ շուտով կսկսեմ սովորեցնել այս նավի վրա գտնվողներին, իսկ նրանք՝ այլոց։ Դա վերազգային լեզու է, որը կդառնա մարդկության ապագա միավորման հիմնաքարը։
Բրաունն ապշահար էր։ Նա գինի լցրեց ու միանգամից պարպեց։ Սատիի գաղափարները, աշխարհափիլիսոփայությունը որքան հետաքրքիր, հեղափոխական, նույնքան էլ խնդրահարույց էին։
Լսվեց Սատիի ձայնը.
-Հիմա մենք բրինձ կուտենք, նորջուղայեցիները համարում են, որ ծանր կերուխումի լավագույն մարսողական միջոցը բրինձն է։ Սա լավ բրինձ է, հնդկական։ Ի դեպ, ես վաղն առավոտյան ճանապարհվում եմ Հնդկաստան, կցանկանա՞ք ընկերակցել ինձ։ Իմ նավի վրա Ձեզ համար տեղ կճարվի։
Ծառան հյուրի առջև դրեց մի վիթխարի ափսե, որի վրա կարմիր, խոշոր հատիկներով, գոլորշի արձակող բրինձ էր։
Բրաունը նայեց Սատիի սև աչքերին և ասաց.
-Ես կգամ Ձեզ հետ։ Բայց ասացեք, խնդրեմ, ի՞նչ ազգության եք պատկանում Դո՛ւք և որտեղ է Ձե՛ր տունը։
Սատին փորը ցնցելով քահ-քահ ծիծաղեց և ասաց.
-Դուք ոչինչ չհասկացաք, պարոն։ Ես ազգություն չունեմ, իմ ազգությունը մարդկությունն է, տուն չունեմ, իմ տունն աշխարհն է։ Այսօր քնեք-հանգստացեք, վաղը ճամփա ենք ընկնելու, Ձեզ հարկավոր է սթափ լինել։ Մենք դեռ ժամանակ կունենանք զրուցելու։
Ապա ծառային պատվիրեց Բրաունին ուղեկցել նավախուց։
...Աստղալից երկինքը կախվել էր ծովախորշի վրա, զով քամի էր փչում, և առագաստանավը թեթևակի ճոճվում էր։
Մաքուր օդից Բրաունը գլխապտույտ ունեցավ, օրորվեց, բայց Սատիի ծառան թևքից ամուր բռնեց։ Անգլիացին նայեց ծառային ու փորձեց գուշակել նրա ազգությունը։ Կարծես կռահելով Բրաունի ցանկությունը, ծառան արաբերեն ասաց.
-Ես հայ եմ, պարոն։ Անունս Պողոս է։
Բրաունը ոտից գլուխ չափեց նրան ու հարցրեց.
-Ասա ինձ, հայ Պողոս, այնուամենայնիվ ո՞ր ազգից է տերդ։
Ծառան նայեց Բրաունի աչքերին, մի պահ վարանեց, ապա ասաց.
-Եփրեմ Սատին էլ է հայ...
Անգլիացին ցնցվեց.
-Բա ասում է՝ հայրենիք չունի։
-Չունի, որովհետև չի ուզում ունենալ։ Նրա հայրենիքն աշխարհն է, լեզուն ու կրոնը՝ հարստությունը,- ասաց Պողոսը, ապա տխուր ավելացրեց,- է՜հ, պարոն, բայց Դուք էլ հո հայրենիք ունեք, ինչո՞ւ եք նրա հետ Հնդկաստան գնում։
...Վաղ առավոտյան NOAH՚S ARK-ը բացեց առագաստները և Ալեքսանդրիայի ծովածոցից դանդաղորեն ուղղություն վերցրեց ի բաց ծով։
Ի՞նչ էր այդ նավը թողնում ափին և ի՞նչ էր ուզում գտնել նոր ցամաքներում։
Էդուարդ Բրաունը նավահանգստում կանգնած լուռ ու մտախոհ նայում էր հեռացող տապանին։


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ